Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Երիտասարդները՝ որպես ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խումբ

Երիտասարդները՝ որպես ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խումբ

ՄԻԱՎ-ի նկատմամբ երիտասարդները խոցելի են ռիսկային վարքագծի` ակտիվ և անկանոն սեռական կյանքով ապրելու, մինչամուսնական սեռական հարաբերությունների, թմրամիջոցների գործածման մեջ ներգրավվածության, նաև ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների ցածր մակարդակի պատճառով:

Որոշ երիտասարդներ սեռական կյանքն սկսում են դեռևս դեռահասության տարիքում` չունենալով ՄԻԱՎ վարակից պաշտպանվելու համար անհրաժեշտ տեղեկություններ և հմտություններ: Շատ երիտասարդներ էլ, չնայած ՄԻԱՎ վարակի և դրա կանխարգելման միջոցների մասին ունեցած գիտելիքներին, անտեսում կամ ճիշտ չեն գնահատում ռիսկային վարքագծի հնարավոր հետևանքները, վարակից պաշտպանվելու համար չեն կիրառում պաշտպանական միջոցներ՝ հուսալով, որ հիվանդությունն իրենց կշրջանցի:

ՄԻԱՎ-ի նկատմամբ երիտասարդների խոցելիությունը կարելի է նվազեցնել նրանց համապատասխան գիտելիքներով զինելով, առողջ ապրելակերպին միտված ճիշտ դիրքորոշում, ճնշումներին դիմակայելու, կշռադատված որոշումներ կայացնելու հմտություններ ձևավորելով:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով ուսուցումը պետք է դիտարկել առողջ ապրելակերպի, սեռական և բարոյական դաստիարակության, դեռահասի արժեքային համակարգի ձևավորման համատեքստում: Անհրաժեշտ է կարևորել նաև ժուժկալության, սեռական կյանքը հնարավորինս ուշ սկսելու անհրաժեշտությունը, ամուսնական և փոխադարձ հավատարմությունը, բարոյական և հոգևոր արժեքների պահպանման անհրաժեշտությունը:

Երիտասարդների խոցելիության նվազեցման համար չափազանց կարևոր է առաջին սեռական հարաբերության հետաձգումը: Դժվար է ասել, թե որ տարիքից կարելի է ապրել սեռական կյանքով: Դրա համար ոչ միայն սեռական հասունություն, կենսաբանական կարողություն, զանազան վարակներից, անցանկալի հղիությունից խուսափելու միջոցների մասին գիտելիքներ են անհրաժեշտ, այլ նաև սեռական հարաբերության հնարավոր հետևանքների համար պատասխանատու լինելու ունակություն, սոցիալ-հոգեբանական զարգացման որոշակի մակարդակ, ինչը ձևավորվում է հիմնականում 18 տարեկանից հետո:


ՄԻԱՎ վարակն այն հիվանդություններից է, որոնց ձեռքբերումը պայմանավորված է հիմնականում վարքագծով և կենսակերպով: Չվարակվելու համար անհրաժեշտ է ունենալ անվտանգ վարքագիծ, այսինքն` զերծ մնալ թմրամիջոցներ գործածելուց, օգտագործել միայն ախտազերծված ներարկիչներ, ասեղներ, մինչ ամուսնությունը ցուցաբերել ժուժկալություն, ունենալ միայն մեկ հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկեր և փոխադարձաբար լինել հավատարիմ, խուսափել ռիսկային սեռական կապերից, երբ չգիտես ՄԻԱՎ-ի նկատմամբ զուգընկերոջդ կարգավիճակի մասին, իսկ դրա անհնարինության դեպքում մշտապես օգտագործել պահպանակ:


Ելնելով օրվա խորհրդից` ցանկանում ենք երիտասարդներին կրկին հիշեցնել, որ ՄԻԱՎ-ով կարող է վարակվել յուրաքանչյուրն անկախ սեռից, տարիքից, սեռական կողմնորոշումից և սոցիալական կարգավիճակից:

Վարակվել հնարավոր է նույնիսկ մեկ սեռական հարաբերության կամ թմրամիջոցի մեկանգամյա ներարկման հետևանքով:

ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ 2/3-ը չգիտի իր կարգավիճակի մասին: Դա պայմանավորված է հիվանդության զարգացման և ընթացքի առանձնահատ-կություններով: ՄԻԱՎ վարակն ունի երկարատև (միջինը 8-10 տարի) թաքնված՝ անախտանշան շրջան, որի ընթացքում մարդն իրեն զգում է գործնականորեն առողջ և կարող է անգամ չկասկածել իր վարակված լինելու մասին, սակայն այդ ընթացքում նա կարող է վարակը փոխանցել ուրիշներին:

Մարդու արտաքինից հնարավոր չէ իմանալ նրա վարակված լինելու մասին: ՄԻԱՎ-ով վարակված մարդը կարող է ունենալ միանգամայն առողջ տեսք:

Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայության մասին կարելի է իմանալ միայն անցնելով հատուկ լաբորատոր հետազոտություն, որը հնարավորություն է տալիս ախտորոշելու ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, երբ հիվանդության արտաքին դրսևորումներ դեռևս չկան:

Հիվանդության վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու, հետագա ապրելակերպի վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնելու, ուրիշներին վարակը չփոխանցելու համար: Հիվանդության վաղ ախտորոշումը հատկապես կարևոր է հղիների կամ հղիություն ծրագրող կանանց համար, քանի որ ժամանակին իրականացված կանխարգելիչ միջոցա-ռում¬ների շնորհիվ ՄԻԱՎ վարակ ունեցող կինը կարող է մինչև 99% դեպքերում ունենալ վարակից զերծ երեխա:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն երբևէ ռիսկային վարքագիծ դրսևորած անձինք, այսինքն՝ այն մարդիկ, որոնք գործածել են թմրամիջոցներ ներարկային ճանապարհով, ունեցել են ռիսկային սեռական կապեր առանց պահպանակի: Նաև նրանք, որոնք երբևէ հիվանդացել են որևէ սեռավարակով, ունեն զուգընկեր, որի մոտ հայտնաբերվել է սեռավարակ կամ որը պարբերաբար մեկնում է արտագնա աշխատանքի, ունեն վիրուսային հեպատիտներ B կամ C, կատարել են դաջվածքներ կասկածելի մաքրության գործիքներով: Ըստ որում չափազանց կարևոր է, որ նման մարդիկ հետազոտվեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ, անկախ իրենց մոտ առողջա¬կան վիճակի հետ կապված գանգատների առկայությունից:

ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացությունը կարևոր է յուրաքանչյուրի համար:

Երիտասա՞րդ ես, սուր զգացողությունների սիրահա՞ր, սիրում ես ռիսկի՞ դիմել՝ ուրեմն ՁԻԱՀ-ը քո խնդիրն է, ուրեմն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հենց քեզ համար է:

Իմացի°ր կարգավիճակդ՝ անցնելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն և պահպանի°ր առողջությունդ

ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն կարելի է անցնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում (ք.Երևան, Ավան, Աճառյան 2): ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն անվճար է, ուղեկցվում է նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, ցանկության դեպքում կարող է կատարվել անանուն: Հետազոտության արդյունքների գաղտնիությունը երաշխավորվում է:


ՄԻԱՎ վարակին առնչվող հարցերի պատասխաններ կարելի է ստանալ նաև «Թեժ գիծ» ծառայության միջոցով՝ 61-08-20, ամեն օր, բացի հանգստյան օրերից,  ժ. 0900-1800:


______
Facebook, Youtube, Twitter սոցիալական կայքերում ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի պաշտոնական էջերին կարող եք հետևել հետևյալ հղումների միջոցով՝

Facebook`  https://www.facebook.com/pages/National-Center-for-AIDS-Prevention-of-RA/140184959497077?ref=hl
Youtube`   http://www.youtube.com/user/1989NCAP
Twitter`  https://twitter.com/AidsRA

Հեղինակ. Արևիկ Պետրոսյան, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մեթոդիստ
Սկզբնաղբյուր. ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն
Լուսանկարը. publika.uz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ